Վրաերթ ու հրդեհ. Տուժել է մոտ 20 տարեկան աղջիկ, այրվել է գույք

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին, ժամը 20:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (մոտ 20 տարեկան աղջիկ):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

  • Հրդեհ Արարատ քաղաքում

Ապրիլի 3-ին, ժամը 03:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 56 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի թիվ 56 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել` 03:56-ին: Այրվել են սենյակի գույքն ամբողջությամբ՝ 12 քմ, պատուհանը և սանհանգույցի դռները՝ մասնակի:

  • Հրդեհ Դալար գյուղի թռչնանոցում

Ապրիլի 2-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Գրիգոր Ս.) երկրորդ հարկում գտնվող թռչնանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել` 23:32-ին: Ամբողջությամբ այրվել են թռչնանոցի գույքը և եղեգնյա տանիքի ծածկույթը (84 քմ). կա մոտ 4500 ծխահարված ճուտ: