Կրկնապատկված և նոր պատվովճարներ` բարձր նվաճում ունեցող մարզիկներին

ՀՀ կառավարությունը բարձրացրել և նոր պատվովճարներ է սահմանել բարձր նվաճումներ ցուցաբերած մարզիկների համար: Մասնավորապես, Օլիմպիական խաղերի չեմպիոններին նախկին 100 հազար դրամի փոխարեն, այսուհետ պետությունը կվճարի ամսական 200 հազար դրամ պատվովճար:

Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար նույնպես սահմանվել են պատվովճարներ` համապատասխանաբար 140 հազար և 100 հազար դրամ, ինչը նախկինում երբևէ նախատեսված չի եղել ցմահ:

Բացի այդ` շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները, որոնք ևս նախկինում պատվովճար չեն ստացել, այսուհետ կվճարվեն` համապատասխանաբար 200 հազար, 140 հազար և 100 հազար դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները կստանան ցմահ:

Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին, նախկին 55 հազար դրամի փոխարեն, այսուհետ կտրվի 100 հազար դրամ: Նույն կարգավորմամբ նախատեսվում են պատվովճարներ ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար` 100 հազար դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները կստանան ցմահ:

Որոշման նախագիծը կառավարության մարտի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Նրա զեկուցմամբ` բարձրացված պատվովճարները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին, եթե նրանք բնակվում են ՀՀ-ում և համարվում են ՀՀ քաղաքացի:

Որոշմամբ նախատեսված մեկ այլ բարելավման համաձայն, հանվել է պահանջը, որով մարզիկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատող: Նոր կարգավորումներով պատվովճարի տրամադրման համար նման պահանջ չի ներկայացվում: