Խոակին Կապառոս. «Շատ լուրջ նախագիծ ենք սկսում»

Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են Հայաստանի ընտրանուն բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայի խաղարկությունից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը զրուցել ՀՖՖ մամուլի ծառայության ներկայացուցչի հետ:

  • Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:
  • Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:
  • Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
  • Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:
  • «Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:
  • Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան:
  • Որո՞նք են հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի աշխատանքի հիմնական տարբերությունները:
  • Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ, է և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ, լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում:
  • Դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Ինպիսի՞ն է թիմի ընդհանուր խաղամակարդակը:
  • Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա սերիայից, գերմանական Բունդեսլիգայից, Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Նրանց որակները, իհարկե, տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստերից միասնական թիմ ստեղծելն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը:
  • Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։
  • Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլյայի» դեմ խաղում, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը չկայացավ: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում:
  • Ի՞նչ կարծիքի եք Ազգերի Լիգայում մեր խմբի մասին:
  • Հայտնվել ենք շատ մրցակցային խմբում, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել քայլ առ քայլ, խաղից խաղ: Ինձ համար ամենակարևոր հանդիպումը միշտ իմ թիմին սպասվող հաջորդ հանդիպումն է:

Բլից հարցեր. 

  • Սևիլյա 2000-2005 vs Բիլբաո 2007-2011
  • Երկուսն էլ, երկու ակումբներն էլ իմ սրտում են:
  • Անդալուսիա vs Բասկոնիա
  • Երկուսն էլ՝ զվարճանալու համար (ծիծաղում է):
  • Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես:
  • Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են:
  • Երիտասարդ տարիքում ո՞վ էր ավելի տաղանդավոր՝ Ռեյե՞սը, թե՞ Մունյաինը:
  • Իրոք, շատ դժվար հարցեր եք տալիս (ծիծաղում է):
  • Դել Բոսկե vs Արագոնես:
  • Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է:
  • Պաելյա՞, թե՞ գասպաչո:
  • Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո:
  • Սանգրիա՞, թե՞ սպիտակ գինի:
  • Սպիտակ գինի… սպիտակ գինի՝ սառույցով:
  • Ալմադովա՞ր, թե՞ Բունյուել:
  • Շատ տարբեր են, բայց, երևի, Ալմադովար:
  • Եվ վերջում՝ 1:0 vs 4:3:
  • Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:

Հարցազրույցի վիդեո տարբերակը՝ ստորև, իսկ լուսանկարները՝ այստեղ