Ի՞նչ է իրենից ներկայացնում «Սորոսը». (ՄԱՍ 2)

Սկիզբն՝ այստեղ

Սորոսը միակը չէ, որը հովանավորում է ՀՀ-ում գործող ՀԿ-ներին։ Կան մի շարք ֆոնդեր, որոնց ֆինանսավորվումը ուղղվում է գրեթե նույն նպատակին, ինչ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամինը։ Նման գործունեությամբ է զբաղվում, օրինակ ԱՄՆ դեսպանատունը, NED-ը (National Endowment for Democracy), EED-ն (Europenan Endowment for Democracy) և այլն։ Այս ֆոնդերի մեծամասնությունը ֆինանսավորում են ժողովրդավարական համարվող արժեքներ՝ ազատ մամուլ, խոսքի, կարծիքի, տեղեկատվության ազատություն, Զարգացած քաղաքացիական հասարակություն, հասարակական կազմակերպությունների ինքնավարություն և վերջիններիս պետական ինստիտուտների վրա ազդելու ունակություն։ Թերևս վերջին կետը ամենածանրակշիռն է, թե ինչու են օտարները միլիոնավոր դոլարներ ծախսում նմանատիպ ծրագրերի ֆինանսավորման վրա՝ աշխարհի տարբեր ծայրերում։

Նմանը հեշտությամբ է տիրում նմանին։ Մոտավորապես այս սկզբունքն է ընկած վերոնշյալ մոտիվացիայի հիմքում։ Պատկերավոր ասած՝ եթե ԱՄՆ-ը ուզում է իշխել աշխարհի ինչ-որ կետում, ապա նրան դա ավելի հեշտ կտրվի, եթե տեղացիները կրեն նմանատիպ արժեհամակարգ, ինչ ամերիկացիները։ Համաձայնեք, ԱՄՆ-ին շատ ավելի դժվար է իշխել մուսուլմանական-բռնատիրական աշխարհին, քան ասենք, ժողովրդավար Եվրոպային։

Ինչպես վերը նշվեց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առատորեն ֆինանսավորվում են պետական ինստիտուտների վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Ավելին, վերջին տարիներին բացի ՀԿ-ներից, միլիոնավոր դոլարների գրանտներ է ստանում հենց մեր կառավարությունը և կարելի է ասել, որ ամենամեծ «գրանտակերներից» հենց մեր պետական այրերն են։ Նման դրամաշնորհների օգնությամբ իրականացվում են օտարների շահերը սպասարկող մի շարք «բարեփոխումներ», անցկացվում են օրենքների նախագծեր և այլն։ Թերևս միակ շահավետ կողմն այս ամենում այն էր, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում պետբյուջե էր մուտքագրվում բավական մեծ ծավալի հարկ ու տուրք։ Սակայն, ինչպես տեղեկացրեցինք մեր թերթի նախորդ համարներում, մի շարք հասարակական կազմակերպությունների՝ քողարկելով բարեգործականի քողի տակ, մեր ղեկավար այրերը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ, ազատեցին հարկերից։ Այդ կազմակերպությունների մեջ են՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», Հայաստանի հելսինկյան կոմիտե», «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն», «Հանրային լրագրության ակումբ», «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպություն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների միություն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն, «Սի-Փի-Այ» իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն, «Ամբրելլա» միջազգային լրագրողների ցանց» հասարակական կազմակերպություն, «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն, «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ոչ առևտրային կազմակերպությունների միություն և այլն։

Այս քայլի նպատակն էր, թերևս, այս կազմակերպություններին տալ այլևս ինքնուրույն գործելու հնարավորություն։
Անդրադառնանք ևս մի նրբության։ Ըստ էության, քաղաքացիական հասարակությունը, խորքի մեջ բավական գովելի երևույթ է։ Հայերն այն եզակի ազգերից են, որ քաղաքացիական հասարակություն ձևավորել են դեռևս դարեր առաջ։ Դրա վառ օրինակներից մեկը եկեղեցական համայնքն է, մարդկանց այն խումբը, որը համախմբվել է գաղափարի շուրջ և պատրաստ է իր խնդիրների լուծման համար գնալ կամավորական աշխատանքի։ Այսինքն, մեր օրերում գովերգվող կամավորական գործունեությանը մենք նոր չէ, որ պետք է ծանոթանանք։ Սակայն միթե օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպությունները կարող են համարվել քաղաքացիական հասարակության միավոր՝ դժվար է ասել, քանի որ ինչպես ասվում է՝ երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է։ Իսկ այս պարագայում վճարում են օտարները։
Հատկապես մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Թավշյա հեղափոխությունից հետո պետական պաշտոնների հայտնվեցին հայտնի «գրանտակերներ»՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նմաններն այժմ արդեն օրենսդրական մակարդակով են լծվել իրենց գաղափարների իրականացմանը, որի պտուղները մենք քաղելու ենք տարիներ անց, երբ կհակադրվեն ազգային շահն ու պետական օրենքները։

Թեմայի շուրջ կարելի է դեռ երկար խոսել, հուսամ այսքանով կարողացա գոնե մի քիչ ավելացնել մեր սիրելի ընթերցողների գիտելիքները, թե իրականում ովքեր են «սորոսները» և ինչ են իրենցից ներկայացնում։

Վարդան ՍՐՏԱՇՅԱՆ