Երբ խուճապը վիրուսից շատ ավելի վտանգավոր է

Երբ խուճապը վիրուսից շատ ավելի վտանգավոր է

Երբ օրեր առաջ գրում էի կորոնավիրուսի մասին՝ չէի կարծում, որ կրկին կարիք կլինի անդրադառնալու այս թեմային։ Սակայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Երևանում գրանցված առաջին դեպքի մասին, երկրում անիմաստ խուճապ առաջացավ։ Ինչպես գիտեք, դեպքն օրեր անց գրանցվել էր Իրանից Հայաստան հետ վերադարձած ՀՀ քաղաքացու մոտ։ Շատերը այս ամենում փորձեցին քաղաքական ենթատեքստ տեսնել, քանի որ Փաշինյանի հայտարարությունը արվեց Մարտի 1-յան երթից առաջ։ Ոմանք կարծեցին, որ երթը սպասվածի պես մարդաշատ չէր ստացվելու և կորոնավիրուսով հիվանդի մասին լուրն ուղղակի պատրվակ էր երթը չեղարկելու համար։ Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև առաջիկա հանրաքվեն կորոնավիրուսի պատրվակով չեղարկելու տեսակետը. վեց հարյուր հազար ձայն հավաքելը Նիկոլ Փաշինյանի համար այժմ ոչ իրատեսական է թվում։

Դժվար է ասել՝ ինչքանով են այս տեսակետները մոտ իրականությանը, սակայն մի բան ակհայտ է։ Կորոնավիրուսի մասին լուրը անիմաստ խուճապ է առաջացրել ոչ միայն ողջ աշխարհում, այլև բուն Հայաստանում։ Վիրուսով վարակված մարդկանց մահացության տվյալներն արդեն իսկ բավարար են, որ պարզ դառնա խնդրի ուռչացվածությունը։ Մահերի առյուծի բաժինը գրանցվել է տարեց ու տկար մարդկանց շրջանումգ նմանատիպ մահեր գրանցվում են նաև հասարակ, ոչ «բրենդային» գրիպներից, այն էլ՝ շատ ավելի շատ։ Եվ եթե այդ վարակն իրապես մահացու լիներ, ապա Չինաստանում դրա կանխարգելումը կլիներ անհնար, իսկ այժմ, ինչպես գիտեք, Չինաստանում վիրուսի տարածումը համարյա թե կասեցվել է։ Ավելին, արդեն իսկ բազմաթիվ դեղամիջոցներ են հայտնի դարձել, որոնք արդյունավետ պայքարում են հիվանդության դեմ։ Ամենացայտուն օրինակը 70-ականներին ԽՍՀՄ-ում արտադրության մտած Ալբիդոլն է, որը պետք է ծանոթ լինի տարեց սերնդի ներկայացուցիչներին։

Տեղի ունեցածը շատ նման է ֆանտաստ-ֆիլմերի, որտեղ ներկայացվում են աշխարհի վերջը կամ զոմբիացած մարդիկ։ Գիտության մերօրյա զարգացման մակարդակում շատ դժվար է պատկերացնել մի վիրուս, որը կկարողանար հավասարվել մեկ դար առաջ միլիոնավոր կյանքեր խլած իսպանկային կամ մյուս պանդեմիաներին։ Շուտով միլիարդավոր դոլարների դեղ է վաճառվելու աշխարհի բոլոր պետություններին՝ դեղագործական ընկերությունների կողմից. սա փաստ է։ Դեղի բիզնեսը աշխարհի ամենաշահութաբեր ոլորտներից է։ Սակայն միայն սրանով կորոնավիրուսի հետևանքները չեն սահմանափակվում։ Կաթվածահար կարող է լինել ողջ համաշխարհային տնտեսությունը, իսկ սա շատ ուժերի համար կապիտալի վերաբաշխման հարմար պատրվակ կարող է դառնալ, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին փոշիացվեց ԽՍՀՄ ողջ ունեցվածքը։ Հազարավոր ձեռնարկությունների սնանկացումը ու դրանց գրոշներով օտարումը՝ ահա այն հիմնական պատճառը, որի համար կարող էր ծավալվել այս ամենը։ Իհարկե վերոնշյալը միայն տեսակետ է, սակայն փաստն այն է, որ եթե մարդկանց շրջանում չտարվի ակտիվ քարոզչություն՝ էապես կարող է տուժել նաև Հայաստանի տնտեսությունը։ Հարվածի տակ հայտնված ամենաառաջնային ոլորտը տուրիզմն է։ Հայաստանում կորոնավիրուսի մասին լուրի տարածմամբ արդեն իսկ չեղարկվել են շատ տուրիստների ու տուրիստական խմբերի պատվերներ։ Սպասարկման ոլորտն՝ ընդհանրապես, որը ՀՀ տնտեսության մեջ առաջատարն է, կարող է այնպիսի սարսափելի հարված ստանալ, որից հետո կարգավորվելը կլինի բարդ ու խիստ դժվար։

Ես այս ամենը գրում եմ իբրև ՀՀ քաղաքացի ու ոչ թերթի խմբագիր։ Սա իմ անձնական կարծիքն է, պետք չէ մատնվել խուճապի, դեղատներից կիլոգրամներով դեղ կամ դիմակ գնել։ Պետք չէ փոխել առօրյան, փոխարենը պետք է որոշակի առումով ուշադրություն դարձնել հիգիենայի կանոններին, հետևել առողջապահության ոլորտի աշխատակիցների հրահանգներին ու վերջ։ Անիմաստ խուճապը միայն վնասելու է այս ճգնաժամի հաղթահարմանը։

wpn-zarhing