Կեղծ հեղափոխականների դիմակները պատռելու ժամանակը

Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումների պատճառով անկախ ինձանից սկսեցի պատկերացնել խորհրդային տարիների բռնաճնշումները: Ընթերցողի մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ: Մանրամասնեմ…

Պատկերացրեք բոլշևիկյան ժամանակաշրջանի ակունքները: Ազգերն ու ժողովուրդները՝ հոգնած նախկին տոտալիտար իշխանություններից, ծանր կենսապայմաններից, լսում են կոմունիստական գաղափարախոսության մասին:

Լսում են հավասարության մասին, որ բոլորը պետք է ապահովված լինեն ու պետության ուշադրության կենտրոնում, լսում են այն մասին, որ բոլոր հարուստները պետք է կուլակաթափվեն, իսկ երկրի տերը պետք է դառնա բանվոր դասակարգը: Բնական է, որ բանվորներն ու գյուղացիները ցանկացած երկրում էլ կազմել են մեծամասնություն: Ամեն անհատականություն իր կյանքը կառուցում է սեփական բարօրության մղումներով: Հասարակ, ռամիկ, գյուղացի ու բանվոր մարդիկ միշտ էլ շատ են եղել ցանկացած հասարակարգում, առավել ևս՝ 20-րդ դարի սկզբին: Այդ ծանրակշիռ մասսան հիմնականում եղել է անգրագետ ու անկիրթ: Նա կարողացել է ընդամենը հասկանալ, որ լինելու է հավասարություն և վերջ: Մարդկանց պետք չի եղել վերլուծել՝ հնարավոր է դա, թե՝ ոչ: Նրանք տարվել են այդ երազանքով ու ակամայից դարձել բոլշևիկ: Բոլշևիկ առաջնորդները հենց այս պատճառով ստացել են ժողովրդական մեծ լեգիտիմություն, անսահման իշխանություն: Դե իսկ անսահման իշխանությունն էլ բերել է անսահման չարիքի: Մարդկային հասարակության մեջ կա մի տեսակ, որի բնութագիրը ամենից լավ տվել է Պարույր Սևակն, իր՝ «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծության մեջ:

Մարդկանց այդ տեսակը նման է երկկենցաղներին, կրում են դիմակ ու փոխում այդ դիմակը ըստ անհրաժեշտության: Նրանց մղումը պայմանավորված է սեփական ես-ը բավարարելու անհագ մոլուցքով: Իրենց եսակենտրոն մղումները կյանքի կոչելու համար այդ մարդիկ պատրաստ են ծախել, խաբել, սպանել, կեղծավորություն անել ու շողոքորթել: Իրենց եսակենտրոն մղումները չմատնելու համար նրանք քողարկվում են հենց հեղափոխական, համամարդկային գաղափարներով, նրանք կարող են ձևանալ իբրև հասարակական ու պետական շահի, արդարության համար պայքարողներ, առաջամարտիկներ: Նմանները փորձում են ցույց տալ իրենց նվիրումն ու անձնազոհությունը, դառնալ ժողովրդի համար ընդունելի ու հաճելի: Ցանկացած հասարակություն զուրկ չէ մարդկային այդ տեսակից, մենք՝ հայերս, առավել ևս: Խորհրդային իշխանության հաստատումից հետո բազմաթիվ հայորդիներ աքսորվեցին ու գնդակահարվեցին հենց այդ տեսակի թեթև ձեռամբ: Նրանք, որպես արդարացում ունենալով հեղափոխական իդեալները, խեղեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, նրանք դարձան գործիք կենտրոնաձիգ իշխանությունների ձեռքին: Այդպիսինները շատ արագ սկսեցին բարձրանալ իշխանական վերելակով՝ հասնելով պետական բարձր պաշտոնների:

Եվ այսպես, նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Դրանից, սակայն, մարդկային վերոնշյալ տեսակը չվերացավ: Ճիշտ է, մեր օրերում մարդկանց գնդակահարելու ու աքսորելու վտանգ չկա, այնուամենայնիվ, կան մի շարք այլ ռիսկեր: Դուխով գլխարկների տակ պահկվելով ու հայկական եռագույնի մեջ փաթաթվելով, այդ մարդիկ կրկին անգամ փորձում են վեր բարձրանալ իշխանական վերելակով: Նրանց գործիքն այդ ընթացքում դարձել են քաղաքացիական ակցիաները՝ ի դեմս միտիգների ու ցույցերի: Նրանք ճիշտ պահին հայտնվեցին ճիշտ տեղում, հայտնվեցին փողոցում այն ժամանակ, երբ հեղափոխությունն այլևս անշրջելի էր ու ոչ թե այն օրերին, երբ սակավաթիվ մարդիկ ոստիկանի ու թաղային խուժանի դեմ կռիվ էին տալիս՝ անհավասար «մարտերում»: Հեղափոխության անունը նրանք այսօր տալիս են՝ սեփական շահն առաջ տանելու համար: Ամեն ինչ այդքան ցավալի չէր լինի, եթե այսօր մեր երկրի կառավարման ղեկին հայտնվելու համար միտինգներին դոշ ծեծած լինելը չդիտվեր որպես կարևորագույն նախապայման: Իհարկե սեփական անձը զոհասեղանին դնող մարդը հետագայում արժանի է վստահության, սակայն միայն այդքանը բավարար չէ պետություն կառավարելու համար, առավել ևս, երբ անձնազոհությունը ձևական է:
Նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանը հայտարարեց դատավորների շրջանում վեթինգ իրականացնելու որոշման մասին: Վեթինգը դա որևէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթացն է, ինչը նախորդում է անձին աշխատանք առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա նկատմամբ որոշում կայացնելուն։ Տեղեկություններ հավաքելու հետ մեկտեղ ստուգվում են անձանց ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու համար դրանց օրինականությունը: Մեր թերթի այս համարում տպագրել են դատավորների ունեցվածքի մասին լայնածավալ հոդված:

Սա շատ գովելի, սակայն ոչ բավարար որոշում էր: Երկար տարիներ է, ինչ խոսվում է լյուստրացիայի անհրաժեշտության մասին: Լյուստրացիան կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար և բացահայտում քաղաքական, տնտեսական ու գործակալական մի շարք գաղտնիքներ: Նախկինում գաղտնի ժողովրդի դեմ գործած, սակայն այսօր հեղափոխականի կերպար ստացած անհատների բացահայտումը խիստ կարևոր է: Կես կատակ-կես լուրջ կարելի է ասել, որ լյուստրացիոն փորձ էր օրինակ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը Էդմոն Մարուքյանին՝ ընտրական դեբատների ժամանակ, երբ ասեց, որ վերջինս հովանավորվել է ոմն Գևորգի կողմից:

Միայն լյուստրացիան կպատռի անարժան ու ծախու մարդկանց դիմակները, ովքեր հանդիսացել են գործակալներ, իսկ այսօր հավակնում են պետական բարձր պաշտոնների: Հուսանք, որ Վեթինգից հետո Փաշինյանի հաջորդ քայլը կլինի հենց լյուստրացիան ու երկրի քաղաքական դաշտը վերջնականապես կմաքրազտվի: