Գողականից մինչև Սուրբ Ծնունդ

Ահա անցան տոները։ Տոներից ամենակարևորն իմ համար Սուրբ Ծնունդն էր։ Հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի պատարագին, հերթական անգամ «Յոթ Վերքում» էի։ Ու թերևս եկեղեցում տեղի ունեցած հրմշտոցը առիթ դարձավ, որ գրեմ այս հոդվածը։

Եկեղեցուց կրակ տանելու ավանդույթը բավական ամրացած է Գյումրիում, ամեն տարի էլ մարդիկ իրար հերթ չտալով մտնում են այս պրոցեսի մեջ։ Սակայն այս տարի իրարանցումը չափազանց աղմկոտ էր։ Պատարագի ընթացքում սկսված հրմշտոցը, բղավոցներն ու աղմուկը երբեմն այնքան էին ուժգնանում, որ թվում էր, թե հոգևորականները ուր որ է կկանգնեցնեն պատարագն ու ժողովրդին զսպվածության կոչ կանեն։

Իհարկե գովելի է, երբ մարդիկ անում են ինչ-որ բան հավատքի ու ոչ նյութականի համար։ Բայց մի՞թե ժողովրդի այս վերաբերմունքը կապ ունի հավատքի ու ոչ նյութականի հետ։ Եկեղեցին խիստ մարդաշատ է լինում ինչ-որ նյութական բան բաժանելու ժամանակ՝ կրակ, խաղող, կարագ, բլիթ և այլն։ Այդ օրերին եկեղեցի են գալիս մեծամասամբ մարդիկ, ովքեր տարվա ընթացքում եկեղեցին հազվադեպ են հիշում։

Մեր հասարակության հետ մի բան այն չէ, ու վերը նշված օրինակը միակ ապացույցը չէ։ Ընդհանրապես աշխարհը կառավարում են նրանք, ովքեր կառավարում են մարդկանց։ Իսկ մարդկանց՝ 7 միլիարդի հասնող մարդկային ցեղին այսօր հնարավոր չէ կառավարել ստրկատիրական ու միջնադարյան մեթոդներով։ Դա հնարավոր է միայն մարդկային ուղեղները կառավարելով։ Կառավարելով մարդու ցանկությունները ու մղումները, կառավարում ես մարդկանց։ Ու «ամենահրաշալին» այստեղ նրանում է, որ մարդը չի գիտակցում իր մունետիկ լինելու հանգամանքը։

Սովետը 70 տարիների ընթացքում ձևավորեց մարդու սեփական տեսակը՝ հոմո սովետիկուսը։ Դրան հասնելու համար գործի դրվեց ողջ խորհրդային պոտենցիալը։ 70 տարիների ընթացքում հնարավոր եղավ օրինակ մարդկանցից փլել եկեղեցական տոները ու դրանք փոխարինել կոմունիստականով։ Նոր տարին դրա վառ օրինակն է։

Սակայն այս պրոցեսը ծավալվեց ոչ միայն մշակութային մակարդակով։ Առօրեական, կենցաղային հարաբերություններում ակտիվորեն ներդրվեց գողական ենթամշակույթը։ «Գողական պանյատները« եկան փոխարինելու ազգային նորմերով կարգավորվող հարաբերությունները։ Ու կարելի է ասել, որ շատ դեպքերում սովետը պահվում էր այս ենթամշակույթի հաշվին։

Երբ առաջին անգամ մանկական հասակում երեխայական շրջապատում փոքր ընկերներիցս մեկը ինքն իրեն անվանեց գող, ես ապշեցի։ Գող բառն ինքնին իմ մանկական պատկերացումներում վիրավորական էր, ու թե ինչու էր այդ երեխան ինքն իրեն գող անվանում, իմ համար հարցական էր։ Սակայն քիչ անց նրանք ինձ սկսեցին բացատրել, որ գող լինելը հարգված է ու մոդայիկ։ Այո, հենց մանկական հասակից մեր ուղեղները բռնաբարվել են, մեզ ստիպել են կլանել անբնականն ու անբարոյականը, մեզ հարմարեցրել են ինչ-որ մեկի շահերին։

Գողական ենթամշակույթի դեմ պայքարը, որը տարվում է այսօր օրենսդրական մակարդակով, խիստ գովելի է։ Սակայն պետք է հասկանալ, թե ինչ է լցվելու դրա փոխարեն մարդկանց ուղեղը։ ներկայիս սահմանադրությունը և օրենքները չեն կարող լիարժեք ապահովել հայ մարդու կենցաղվարությունը։ Ինչպես ապահովեն, եթե, օրինակ, սեփական երեխային ապտակելու համար կարելի է հայտնվել բանտում։ Հետևաբար գողական կոչվածի դեմ պայքարից զատ պետք է մտածել նոր միջանձնային ու ներհամայնքային հարաբերությունների կարգավորման մասին։ Թե ինչպես, բարձրաձայնել եմ բազմիցս՝ մեզ պետք է լուսավորության նախարարություն՝ իրեն ենթական համապատասխան ինստիտուտներով։

Երբ տարիներ առաջ փողոցային ակցիաների ու միտինգների ժամանակ (մինչև Նիկոլը) ոստիկանների հետ ուս-ուսի տված միտինգ էին ցրում գողականները, նրանց հիմնական լոզունգը հետևյալն էր․ «Ախպեր, մենք սրանց հետ լեզու ենք գտել, իշխանափոխություն եք ուզում, որ մեզ փուռը տա՞ք«։ Այս լոզունգի օգնությամբ իրենք իրենց արդարացնում էին ոստիկանության կամ ԱԱԾ-ի հետ համագործակցությունը, չնայած որ ըստ իրենց չգրված օրենքների դա ընդունելի չէր։ Ընդունելի չէր, բայց կարկառուն փաստ էր նաև, որ շատ քրեական աշխարհի ներկայացուցիչներ КГБ-ի ծպտված գործակալներ են դուրս եկել։

Հարց առաջացա՞վ․ ինչ կապ ուներ գողականը Սուրբ Ծննդյան պատարագի հետ։ Ուներ, այն էլ ինչպես։ Եկեղեցու պատերից ներս կողակցի վրա հոխորտացող ու գոռացող մարդը այդ գողական ենթամշակույթի ազդեցության տակ է, ոչ թե քրիստոնեական արժեհամակարգի։

Հեղափոխությունը դեռ չի ավարտվել, առջևում ուղեղների հեղափոխությունն է։

Վարդան Սրտաշյան