Ինչպե՞ս երեխայի համար խմբակ ընտրել

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխային տեսնել բազմակողմանի զարգացած, նրան օգնում է հասկանալու իր հետաքրքրություններն ու հակումները՝ ընդունել տալով տարատեսակ խմբակներ եւ ստուդիաներ: Սակայն դրանց ընտրությանն անհրաժեշտ է վերաբերվել գիտակցաբար, այլապես երեխայի մոտ կարող է հակակրանք առաջանալ այն բանի հանդեպ, ինչը ժամանակին սիրել է: Այսօր շատ ծնողներ իրենց երեխային խմբակ են տանում արդեն 2-3 տարեկանից՝ ջանալով բաց չթողնել երեխայի զարգացման եւ ոչ մի հնարավորություն: Սակայն խմբակների ընտրության ժամանակ շատ կարեւոր է հաշվի առնել որոշ հանգամանքներ:

Բացառել գերծանրաբեռնվածությունը

Բոլոր այն խմբակները, որ հաճախում է երեխան, պետք է համապատասխանեն նրա տարիքին և ավելորդ հոգեբանական և ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածություն չառաջացնեն: Որպես կանոն՝ նախադպրոցական տարիքի երեխաներին խորհուրդ չի տրվում շաբաթական երկու պարապմունքից ավելի հաճախել: Իսկ ցածր դասարանցիների երեխաների դեպքում պարապմունքների թիվը թույլատրելի է ավելացնել շաբաթական մինչև 4 պարապմունք: Միջին դասարանների երեխաներին թույլատրելի է շաբաթական 6 ժամ հաճախել խմբակներ և արտադպրոցական պարապմունքների, իսկ բարձր դասարանցիների համար այդ ժամերը կազմում են 10-12:

Բացի այդ, չափազանց կարևոր է հաշվի առնել երեխայի խառնվածքը և բնավորությունը: Եթե նա շուտ է հոգնում, ժամերն անհրաժեշտ է կրճատել, և հակառակը՝ գերակտիվ երեխաների համար պարապմունքների թիվը կարելի է ավելացնել:

Մասնագետները նշում են, որ նախադպրոցական տարիքի երեխաները պետք ունենան օրվա մեջ 40 տոկոս ազատ ժամանակ՝ չհաշված քնի, սննդի և հիգիենայի ժամերը, այսինքն՝ ժամեր, որոնց ընթացքում նրանք լիովին կտրվեն իրենց ցանկություններին:

Տարիքային խմբակներ

Երեխային խմբակների տալիս կարևոր է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները, օրինակ՝ «անգլերեն» և այլ ինտելեկտուալ խմբակներ խորհուրդ է տրվում հաճախել 5-6 տարեկանից հետո:

Փոքր երեխաների մոտ արագորեն զարգանում է շարժողական համակարգը, և այս տարիքում շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը: Ապացուցված է, որ այն երեխաները, որոնք հնարավորություն չունեն բավականաչափ շարժվելու, ավելի դանդաղ են զարգանում և նրանց խոսքը հետ է մնում հասակակիցներից: Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս երեխաներին ընդգրկել ակտիվ խաղերի մեջ՝ վազք, պար և այլն: Դրան գումարած նկարչություն, ծեփամածիկ, կոնստրուկտորների հավաքում, որոնք զարգացնում են մոտորիկան:

Խմբակներ՝ ըստ հետաքրքրության

Ճիշտ կլինի, եթե մինչև 5 տարեկան երեխաներին ընդհանուր զարգացնող խմբակներ տանել, որտեղ առաջարկվում են սպորտային, երաժշտական և ինտելեկտուալ պարապմունքներ: Այստեղ կարևոր առավելություններ կան. նախ՝ երեխան կզարգանա տարբեր ուղղություններով, և երկրորդ՝ պարապմունքների ընթացքում նա կհասկանա, թե որ զբաղմունքն է իրեն ավելի հոգեհարազատ:

Չստիպել

Հարկ է հիշել, որ խմբակներն և պարապմունքները պետք է ընտրվեն բացառապես երեխայի հետաքրքրություններից ելնելով: Չարժե նրա վզին փաթաթել ծնողների չիրականացված երազանքները: Իսկ եթե հետագայում նա հիասթափվի իր հրապուրանքից, չարժե նրան ստիպել շարունակել, քանի որ դա կվտանգի երեխային և նրա ու ծնողի հարաբերությունները: Հարկ է հիշել, որ նրա այս կամ այն տաղանդը չի կորչի, վաղ թե ուշ երեխան անպայման կգտնի իր տեղը:

Արմինե Տեր-Հովհաննիսյան